ARAM. Технологии Blogger.

Առողջագիտություն


Կոտրվածքներ




Նկարագրություն


Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ: Տարբերում են բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ: Վերջիններիս ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ: Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ: Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Կախված կոտրվածքների գծի ուղղությունից` տարբերում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ: Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում` մանրատված (փշրված): 

Լրիվ կոտրվածքները, եթե վնասված է երկար խողովակավոր ոսկրը, գրեթե միշտ ուղեկցվում են ոսկրաբեկորների տեղաշարժով, որոնք իրար նկատմամբ անկյունային դիրք են գրավում կամ տեղաշարժվում են կողքի և կամ պտտվում իրենց առանցքի շուրջը, իսկ երբեմն` երկարությամբ բաժանվում իրարից: Լրիվ կոտրվածքները, առանց բեկորների տեղաշարժի, հազվադեպ են և լինում են միայն երեխաների մոտ:

Ոչ լրիվ կոտրվածքները (ճաքերը) նույնպես հաճախ են լինում մանկական տարիքում: Վնասվածքային կոտրվածքների ենթակա են տարեցների և ծերերի ոսկրերը, որոնք տարիների ընթացքում դառնում են ավելի փուխր, կորցնում են ճկունությունը: Հատուկ տեղ են գրավում սեղմումային (կոմպրեսիոն) կոտրվածքները, որոնք հաճախ բնորոշ են կարճ ոսկրերին, առավել հաճախ` ողներին: Այդ կոտրվածքների ժամանակ ոսկրը կարող է մասերի չբաժանվել. այն միայն ձևափոխվում է (տափակում), և դրանում պարունակվող սպունգանման ոսկրային հյուսվածքը շատ տեղերում խախտվում է: 

Առավել հաճախակի են վերջույթների երկար ոսկրերի (բազկոսկր, նախաբազկի, կոնքի, սրունքի ոսկրեր) կոտրվածքներ: 

Պատճառներ

Բնածին կոտրվածքները հազվադեպ են, առավել հաճախ առաջանում են պտղի կմաղքի ոսկրերի հիվանդությունների հետևանքով: 
Վնասվածքային կոտրվածքները առաջանում են չափից ավելի մեխանիկական ուժի միաժամանակյա ազդեցության հետևանքով` փոխադրամիջոցների, արտադրական, մարտական և այլ վնասվածքների ժամանակ: 
Հազվադեպ լինում են նաև ախտաբանական կոտրվածքներ, որոնք առաջանում են հիվանդագին գործնթացներով (օրինակ` ոսկրածուծաբորբ, էխինոկոկային բուշտ) ոսկրի քայքայման հետևանքով: 

Պաթոգենեզ

Լրիվ կոտրվածքների ժամանակ ոսկրը բաժանվում է 2 (հասարակ կոտրվածքներ) կամ մի քանի մասերի (բարդ կոտրվածքներ): Ոչ լչիվ կոտրվածքի ժամանակ ոսկրում միայն ճաք է գոյանում: Կոտրվածքների ախտանշանները. սուր ցավ, վերջույթների շարժողության անհնարինություն, ձևի և երկարության փոփոխություն` համեմատած առողջ վերջույթի հետ: Երբեմն կոտրվածքների տեղում նկատվում է ախտաբանական շարժողություն: Ի տարբերություն սալջարդի` կոտրվածքների դեպքում վերջույթի ֆունկցիան խանգարվում է դանդաղ` վնասվածքի պահից սկսած, բացի ոչ լրիվ կոտրվածքների դեպքերից: Դրանք սալջարդից և գերձգվածությունից տարբերել հաջողվում է ռենտգենաբանական հետազոտությամբ: 

Ախտաբանական կոտրվածքների ախտանշանը կոտրվածքների ժամանակ մեխանիկական (թեկուզ չնչին) ազդեցության բացակայությունն է. դրանք կարող են առաջանալ նույնիսկ քնած ժամանակ: 

Լրիվ կոտրվածքները երբեմն ուղեկցվում են խոշոր անոթների, նյարդերի վնասվածքներով, որոնք հանգեցնում են առատ արյունազեղման, գունատության, ձեռքերի կամ ոտքերի սառնության, զգացողության կորստի, սպառնում է վերջույթի մեռուկացման վտանգ: Կողերի կոտրվածքների ժամանակ կարող են տուժել թոքերը (առաջանում է արյունախխում): Ողնի կոտրվածքների առաջին, աչքի ընկնող ախտանշանը ողնուղեղի վնասվածքից առաջացած լուծանքն է: Բաց կոտրվածքների անվիճելի ախտանշան է վերքի մեջ ոսկրաբեկորների առկայությունը. այն լինում է ոչ միշտ, դրա համար էլ յուրաքանչյուր կոտրվածք, որի ժամանակ վերք կա, թեկուզ ոչ խորը, պետք է համարել բաց: 

Կոտրվածքների սերտաճումը բարդ կենսաբանական գործընթաց է և սկսվում է ոսկրաբեկորների կպումով (երիտասարդ շարակցական հյուսվածքով), որն առաջացնում է փափուկ կոշտուկ: Վերջինս հետագայում վերափոխվում է ոսկրային կոշտուկի, որն ամուր միացնում է բեկորները: Արագ սերտաճմանը նպաստում են ոսկրաբեկորների կիպ մոտեցումը և հանգիստը: Այդ պայմաններում սերտաճման տևողությունը կախված է կոտրված ոսկրի բնույթից: Ամենից արագ (2-2,5 շաբաթում) սերտաճում են մատոսկրերը, ավելի ուշ` (6 ամսում)` ազդոսկրի վզիկի կոտրվածքները: Իրարից բավականին հեռացած բեկորների միջև փափուկ հյուսվածքներ խցկվելիս, հանգիստը չապահովելիս սերտաճումը դանդաղում է, կարող է ընդհանրապես տեղի չունենալ և կեղծ հոդի առաջացման պատճառ դառնալ: Ոսկրերը կարող են սերտաճել նաև բեկորների բավականաչափ տեղաշարժման ժամանակ, սակայն դա լինում է անկանոն և հանգեցնում վերջույթի կարճացման կամ ձևափոխման: Սերտաճման գործընթացը հատկապես խանգարվում է բակտերիային վարակման ենթարկված բաց կոտրվածքների ժամանակ: 

Բուժում

Բուժումը ենթադրում է տեղաշարժված ոսկրաբեկորների ուղղում և անշարժացում ճիշտ դիրքում` սերտաճման համար անհրաժեշտ ժամկետով: Բուժում է համապատասխան մասնագետը, որին տուժածը պետք է դիմի որքան հնարավոր է շուտ: 

Առաջին օգնության խնդիրը տրանսպորտային անշարժացումն է` բեկակալներով կամ ձեռքի տակ եղած առարկաներով: Տրանսպորտային լավ անշարժացումը խոչընդոտում է ոսկրաբեկորների տեղաշարժման ավելացմանը և տուժածին տեղափոխելիս նվազեցնում ցավը, հետևաբար` վնասվածքային շոկի (հատկապես ազդոսկրի կոտրվածքների ժամանակ) առաջացման հնարավորությունը: Բեկակալը դնում են ընդհանուր կանոններին համապատասխան: Բեկակալի բացակայության դեպքում ձեռքը կախ են տալիս գլխաշորով, ոտքը` կապում առողջ ոտքին: Բաց կոտրվածքների ժամանակ ամենից առաջ վերքը շրջապատող մաշկին քսում են յոդի սպիրտային լուծույթ և դնում վարակազերծված վիրակապ: Առատ արյունահոսությամբ ուղեկցվող բաց կոտրվածքների ժամանակ հարկավոր է դնել արյունահոսությունը դադարեցնող լարան: Առաջին օգնությունը ցույց տալիս ձևախախտված ծայրանդամն ուղղել չի կարելի: Նման փորձերը տանջալից են տուժածի համար և անիրազեկ անձանց կողմից կատարվելիս կարող են վնասել նյարդերն ու անոթները: Դրա համար հարկավոր է միայն վերջույթն զգույշ ձգել ձեռնաթաթի կամ ոտնաթաթի երկարությամբ: 

Բաց կոտրվածքների ժամանակ անթույլատրելի է վերքի խորքում դուրս ցցված ոսկրաբեկորներն ուղղելը, քանի որ դրանց հետ կարող են խորը հյուսվածքներ թափանցել վարակիչ մանրէներ: Բազմաթիվ փակ և բաց կոտրվածքների մեծ մասի բուժումն իրականացնում են հիվանդանոցում, որտեղ անհրաժեշտության դեպքում բեկորների ուղղումը կատարվում է հատուկ հարմարանքների օգնությամբ, իսկ բուժական անշարժացումն իրականացվում է տարբեր եղանակներով` գիպսակապերով, կայուն ձգումով` հատուկ ճնշող-ձգող սարքերով, որոնք ոսկրաբեկորները ոչ միայն պահում են ուղիղ դիրքում, այլև դրանք կիպ մոտեցնում են իրար: Երբեմն դիմում են վիրահատության` ոսկրաբեկորներն ամրացնելով մետաղե թիթեղներով, լարերով, պտուտամեխով և այլն: Մի շարք (օրինակ` մատների, ձեռնաթաթի, ոտնաթաթի առանձին ոսկրերի) փակ կոտրվածքների ժամանակ նշանակվում է ամբուլատոր բուժում` պոլիկլինիկայում, վնասվածքաբանական կետում: Այդպիսի դեպքերում տուժածը պետք է գիտենա, որ բժշկի դրած գիպսակապը կարող է մի քանի ժամ անց սեղմել հյուսվածքները` կոտրվածքների հատվածի ուռածությունն ավելանալու հետևանքով: 
Սեղմման ախտանշաններ (մատների ցավ, գունատություն կամ կապտություն) ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, չի կարելի ինքնուրույն թուլացնել կամ կտրել գիպսակապը: Հարկավոր է նաև իմանալ, որ բուժական անշարժացման ժամանակ վերջույթի լրիվ հանգիստն ապահովելը ոչ միայն պարտադիր չէ, այլև վնասակար է, քանի որ այն հանգեցնում է մկանների թուլացման, հոդերի ծանրաշարժության, դանդաղեցնում է կոտրվածքների սերտաճումը: Ուստի անհրաժեշտ է տանը զբաղվել բուժական մարմնամարզությամբ, բժշկի ցուցումներով կատարել այնպիսի շարժումներ, որոնց դեպքում ոսկրաբեկորների անշարժացումը չի խանգարվում (օրինակ` բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի կոտրվածքների ժամանակ շարժել մատները, ձեռնաթաթի կոտրվածքների ժամանակ` արմունկը): Հիվանդանոցային բուժումը նույնպես ներառում է բուժական ֆիզկուլտուրա: Այստեղ կիրառում են մերսում, ֆիզեոթերապևտիկական բուժարարողություններ և այլն: Կարևոր է նաև բուժման շարունակությունը` ոսկրաբեկորների սերտաճումից և անշարժացումն ըևնդհատելուց հետո, որը կատարվում է բժշկի հսկողությամբ: 

Հաճախ, ոտքերի ոսկրերի կոտրվածքների բուժման ընթացքում, հիվանդներն օգտվում են հենակներից` միայն բժշկի թույլտվությամբ: Հենակները պատրաստում են հիվանդի հասակին համապատասխան, այնպես որ մարմնի ծանրության ուժի մեծ մասն ընկնի ձեռքերի, այլ ոչ թե անութային փոսերի վրա: 

Կոտրվածքները բուժելիս էական նշանակություն ունի ռացիոնալ սնունդը: Այն պետք է լինի դյուրամարս, բաղադրությամբ և կալորիականությամբ` լիարժեք: Արժեքավոր են վիտամիններով և հանքային աղերով հարուստ թարմ մրգերն ու բանջարեղենը: Ախտաբանական կոտրվածքների առաջին օգնությունը նույնն է, ինչ վնասվածքայինի ժամանակ: Բուժում են ոսկրը քայքայող հիվանդության բնույթին համապատասխան և միայն հիվանդանոցում: 

Կանխարգելում
Անհրաժեշտ է խստորեն կատարել անվտանգության տեխնիկայի կանոնները` արտադրության, գյուղատնտեսության մեջ, փոխադրամիջոցների վրա, սպորտով զբաղվելիս և այլն: Աշխատանքի վերջում հոգնածությունը նպաստում է վնասվածքների թվի ավելացմանը, ուստի անհրաժեշտ է կանոնավոր զբաղվել արտադրական մարմնամարզությամբ, աշխատանքի ընթացքում կարճատև հանգստի ընդմիջումներ անել: Տանը լիարժեք հանգստանալը նույնպես նպաստում է վնասվածքների նվազմանը:



Արյունահոսություն

Առաջին օգնություն երեխաներին. Արյունահոսություններ
Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքները ուղեկցվում են թույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ է դադարում: Սակայն երբեմն արյունահոսությունը կարող է ուժեղ լինել, և այդ դեպքում դժվար է լինում այն դադարեցնել: Այդ պարագայում մարդը կարող է մեծ քանակությամբ արյուն կորցնել: Ներքին կամ արտաքին ուժեղ արյունահոսությունը կարող է կյանքի համար վտանգավոր լինել, և այդ պատճառով շատ կարևոր է այն ժամանակին հայտնաբերելն ու դադարեցնելը:

Արյունահոսության դադարեցում

Ներքին արյունահոսություն

Ներքին արյունահոսությունը, որի դեպքում արյունը լցվում է մարմնի ներքին տարածությունները, շատ վտանգավոր է, քանի որ դժվար է հայտնաբերել և դադարեցնել: Ներքին արյունահոսության մասին մեզ կարող են հուշել վնասվածքի տեղում ցավը, այտուցվածությունը, հյուսվածքների պնդացումը և մաշկի գույնի փոփոխությունը:

Ինչ անել

Ներքին արյունահոսության կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի կամ ահազանգել շտապ օգնություն: Մինչև շտապ օգնության ժամանումը վնասված հատվածի վրա տեղադրեք սառը թրջոցներ:


Արտաքին արյունահոսություն

Արտաքին արյունահոսության դեպքում միայն արյան տեսքը շատերին խուճապի է մատնում, և վերքը հաճախ թվում է ավելի սարսափելի, քան կա իրականում: Անհրաժեշտ է, սակայն, հաղթահարել վախն ու հուզմունքը և խուճապի չմատնվել: Զգացմունքներն ու հույզերը վատ օգնականներ են այս հարցում: Հանգստացրեք նաև երեխային` աշխատելով շեղել նրա ուշադրությունը: Սառնասրտորեն գործելով և կիրառելով ստորև բերված առաջին օգնության քայլերը` դուք կկարողանաք դադարեցնել արյունահոսությունը:
 
Ինչ անել

- Վերջույթը բարձրացրե՛ք:
Եթե շարժումները լրացուցիչ ցավ չեն պատճառում, ապա վնասված մասը բարձրացրեք սրտի մակարդակից վեր:

- Ուղղակի ճնշում գործադրե՛ք:
Վերքի վրա տեղադրեք ստերիլ անձեռոցիկ կամ որևէ մաքուր գործվածքի կտոր, օրինակ` թաշկինակ, և սեղմեք վերքը: Եթե անձեռոցիկը ներծծվում է արյամբ, նոր անձեռոցիկ տեղադրե՛ք նրա վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք: Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայից հեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը, քանի որ դրանից արյունահոսությունը կվերսկսվի:

- ճնշող վիրակապ տեղադրեք:
Եթե արյունահոսությունը չի դադարել, անհրաժեշտ է տեղադրել ճնշող վիրակապ: Վերքի վրա տեղադրված ստերիլ անձեռոցիկը ամրացրեք փաթույթային վիրակապի (բինտ) կամ լայն գործվածքի կտորի օգնությամբ և վերքի շրջանում տեղադրեք ծալված գործվածքի կտոր կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք: Եթե նկատում եք, որ վիրակապից ներքև վերջույթը սառել է, եղունգը սեղմելուց հետո այն դժվարությամբ է դառնում վարդագույն, կամ եթե երեխան բողոքում է ցավից, ապա մի քիչ թուլացրեք վիրակապը:

Արյունահոսություն քթից

Փոքր երեխաների մոտ հաճախ է լինում քթից արյունահոսություն, որի պատճառ կարող է լինել հարվածը, շնչառական համակարգի հիվանդությունը կամ պարզապես քիթը փորփրելը:
 
Ինչ անել

- Նստեցրեք երեխային` գլուխը մի փոքր առաջ թեքած:
- Խնդրեք երեխային շնչել բերանով և մատներով սեղմեք նրա քթանցքները` քթի ոսկրային մասից անմիջապես ներքև:
- Մի քանի րոպե հետո բաց թողեք քթանցքերը, և եթե արյունահոսությունը չի դադարել, նորից փակեք դրանք:
- Քթի վերին մասին, ճակատին և ծոծրակին սառը թրջոց դրեք:

Արյունահոսությունը դադարելուց հետո որոշ ժամանակ դեռ թույլ մի՛ տվեք երեխային քթին ձեռք տալ կամ քիթը մաքրել, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել:

Վերքերի մշակում

Վերքերի մշակման ժամանակ հիմնական նպատակը արյունահոսության դադարեցումն ու վարակի ներթափանցման նվազեցումն է: Քիչ վտանգավոր են համարվում մակերեսային, 2,5 սմ-ից փոքր չափեր ունեցող և աննշան արյունահոսությամբ ուղեկցվող վերքերը: Մնացած բոլոր վերքերը համարվում են վտանգավոր:

Վարակի ներթափանցման նվազեցում

- Վերքը մշակելուց առաջ և հետո օճառով լվացեք ձեր ձեռքերը:
- Խուսափե՛ք վերքին դիպչելուց:
- Աշխատե՛ք օգտվել ստերիլ ձեռնոցներից:
- Աշխատե՛ք օգտագործել ստերիլ վիրակապական միջոցներ:

Ուշադրություն


Կենդանիների կծելու հետևանքով առաջացած վերքերը շատ վտանգավոր են: Այդ դեպքում անպայման պետք է դիմել բժշկի` վերքը մշակելու և համապատասխան պատվաստում ստանալու համար:

Փոքր վերքերի մշակում

- Վերքը լվացեք օճառով և մաքուր ջրով:
- Կիրառեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ նյութեր և քսուքներ: Խուսափեք սպիրտային նյութերը (յոդ, օղի, օծանելիք և այլն) անմիջապես վերքի վրա քսելուց: Դրանցով մշակեք միայն վերքի շրջակա մաշկը:
- Ծածկեք վերքը կպչուն սպեղանիով կամ վիրակապեք` աշխատելով վերքի եզրերը մոտեցնել իրար:

Մեծ վերքերի մշակում

- Վերքի վրա տեղադրեք ստերիլ անձեռոցիկ, դադարեցրեք արյունահոսությունը և վիրակւսպեք:
- Երեխային տեղափոխեք բուժհիմնարկ: Մի՛ փորձեք ինքնուրույն մաքրել, լվանալ վերքը կամ կիրառել քսուքներ:

Ուշադրություն


Վերքերի բորբոքման մասին վկայում են վերքի շուրջը գոյացած այտուցը, մաշկի կարմրությունը և տաքացումը, բաբախող ցավը և թարախային արտադրությունը: Նման դեպքերում անհրաժեշտ է կիրառել որևէ անտիբիոտիկ քսուք և անհապաղ դիմել բժշկի:

Комментариев нет:

Отправить комментарий